«Սկզբում մենք ձևավորում ենք շենքերը, հետո՝ շենքերն են ձևավորում մեզ»։ Ու.Չերչիլ
Հանրային տարածքները հանդիսացել են հավաքների, շուկաների, փառատոնների, արդարության, թատրոնի, հանդիպումների, քննարկումների, երաժշտության և ցանկացած գործողության, միջոցառման թատերաբեմ՝ հնարավոր դարձնելով սոցիալական փոխազդեցությունը և սոցիալական կապիտալի հարստացումը, իսկ երիտասարդության դեպքում՝ դառնալով սոցիալականացման հիմքը։ Հանրային տարածքները պատմության հետ հարաբերվելու, կոլեկտիվ պատմություն կերտելու և նորարարության հարթակներ են։
Քանի դեռ Երևան քաղաքի տրամաբանությունը մարդկային հոսքի արդյունքում չի փոխվել՝ դառնալով ավելի ֆունկցիոնալ երթևեկության համար, և քանի դեռ քաղաքը չի դարձել գերբնակեցված՝ պահանջելով ավելի լայն տարածքների շենքերի կառուցման համար՝ ամբողջովին փոխելով քաղաքաշինության տրամաբանությունն ու կառուցվածքն, անդրադարձել ենք հանրային տարածքներին, որոնք կրում են քաղաքային պատմության տարրեր և Երևանի բնակիչների հուզական և պատմական հիշողությունների աղբյուր են հանդիսանում:
Լքված հանրային տարածքների վերակենդանացում ծրագրի շրջանակում պատրաստված այս ֆոտոպատմությունն ուղեկցվում է երևակայական և այլընտրանքային հայացքների նկարազարդումներով, որոնք միգուցե ձեզ մոտ առաջացնեն հետաքրքիր մտքեր այս տարածքների հետ կապված:
Ռաֆայել Իսրայելյանի կողմից նախագծված «Արագիլ» ռեստորանը Երևանի խորհրդանիշներից մեկն էր։ Դեպի Երևան բացվող ֆանտաստիկ տեսարանը, ալյումինե ամանով պաղպաղակն ու շեֆ-խոհարար Ստյոպայի պատրաստած ուտեստները «Արագիլի» այցեքարտն էին։ Այն ներկայումս գտնվում է կիսաքանդ վիճակում և հյուրընկալում է թափառական շներին կամ զուգարան փնտրողներին։
Ճարտարապետներ Բաղդասար Արզումանյանի և Հովհաննես Մարգարյանի կողմից նախագծած Երևանի ճոպանուղին ուղիղ տրանսպորտային կապ է ապահովել Հերացու փողոցից դեպի Նորք` օրական տեղափոխելով շուրջ 500 ուղևոր։ Ճոպանուղին նույնիսկ աշխատում էր 90-ականների ծանր տարիներին և կարելի է ասել՝ միայն դրական հիշողություններ էր առաջացնում քաղաքացիների մոտ, որպես մոդեռնիստական հետաքրքիր կառույց։ Ներկայումս այն լքված է և ծառայում է որպես անօթևանների կացարան։
«Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանը նախագծվել է Ջիմ Թորոսյանի կողմից (համահեղինակը՝ Մկրտիչ Մինասյան)։ Այս կառույցը խորհրդային տարիներին արժանացել է պետական մրցանակի և բարձրագույն տեղ է գրավել մոսկովյան համամիութենական ստուգատեսում: Ներկայումս քաղաքի սրտում գտնվող մետրոյի կայանի շրջակայքն անխնամ է։
1898 թվականին ճարտարապետ Վասիլի Միրզոյանի նախագծով (Ի. Վագապովի կողմից հեղինակած շինության շարունակությունը) Ամիրյան փողոցի վրա կանգնած երկհարկանի այս կառույցը Հռիփսիմյան գիմնազիայի կենտրոնական մասնաշենքն էր: Շենքը պարբերաբար խնամվում է սեփականատիրոջ կողմից, բայց 1996 թվականից մինչեւ օրս այդ կառույցի դռները փակ են, այն ուրվականի պես տեղակայված է Ամիրյան փողոցի եռուզեռի կենտրոնում։
1935 թվականին անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից ստեղծված բուսաբանական այգին էկոկրթական, գիտական հաստատություն է, որտեղ մինչև 1992 թվականը գործում էր ջերմատուն՝ արևադարձային և մերձարևադարձային բույսերի 1260 տեսակներով։ Այժմ տեսականու թիվը հասնում է 300-ի։ Այգու տարածքը կազմում է մոտ 80 հա, որից 5 հա տարածք այրվել է 2015 թ.։
Հաշվի առնելով երկրի արագ ինդուստրալացումը՝ իրենից բխող բնակչության կուտակումներով, կենցաղավարության նոր ձևերով, տրանսպորտի քանակական և որակական փոփոխություններով՝ 30-ականներին Ալեքսանդր Թամանյանը ձեռնամուխ է լինում «Մեծ Երեւան» անունը կրող գլխավոր հատակագծի մշակմանը՝ 500.000 բնակիչների համար։ Անչափ կարևոր էր «քաղաքի թոքերի» ստեղծումը, որը կազմելու էր ընդհանուր տարածքի մեկ վեցերերդ մասը: Ցավոք Օղակաձև այգին այլևս նախկին տեսքը չունի և չի կատարում իր հիմնական` քաղաքի օդը մաքրելու, առողջ միկրոկլիմա ստեղծելու գործառույթը և դուրս է եկել Թամանյանի պատկերացումների շրջանակից։
Նորք տանող ճանապարհին գտնվում է «մառոժնիանոցը», որի մասին, ցավոք, տեղեկություններ չկարողացանք հավաքել, բայց ուրախ կլինենք լսել այդ տարածքի մասին ձեր հիշողությունները։
Ապագայի քաղաքի մասին պատկերացումներ ունենալը՝ լինի դա հակաուտոպիստական գիտական ֆիլմ, թե տնտեսության զարգացման նոր մոտեցում, կարող է ուղղորդել քաղաքի ձևն ու գործառույթները։ Կոլբա նորարարական լաբորատորիան պատրաստ է համագործակցել քաղաքացիների հետ, մասնակցային մեթոդով քաղաքը ձևավորելու համար։