Երևան քաղաքում գործում է միկրոավտոբուսային 76, ավտոբուսային 68, տրոլեյբուսային 10 երթուղի, կա մետրոպոլիտեն, այդուհանդերձ, մոլորվելն այստեղ շատ հավանական է: Տրանսպորտի վերաբերյալ կենտրոնացված տեղեկատվության բացակայությունը շարունակում է շփոթեցնել նույնիսկ Երևանի հնաբնակներին:

Այսօր չկա ռեսուրս, որտեղ կենտրոնացված կլինեն հանրային  տրանսպորտի երթուղիների մասին տեղեկատվությունը, չվացուցակը և ձեզ անհրաժեշտ երթուղին պլանավորելու որևիցե ծառայություն (ոչ միայն անգլերեն, այլև անգամ հայերեն): Հայաստան ժամանող զբոսաշրջիկները չեն կարող օգտվել հանրային տրանսպորտի մասին տեղեկատվությունից, քանի որ այն հասանելի է միայն հայերենով:

Կանադահայ տրանսպորտային ինժեներ Արթուր Դոլմաջյանը առաջարկել է մշակել հանրային տրանսպորտի ինտերակտիվ մի համակարգ, որ տրամադրում է տրանսպորտային երթուղիների քարտեզներ և չվացուցակներ (զբոսաշրջիկների համար հասկանալի): Այս ամենը հասանելի է  օգտատերերին առցանց, հատուկ հավելվածի միջոցով, ինչպես նաև Google Maps-ում:

Կարծես լավ է հնչում ու հեշտ իրականանալի: Սակայն այս ծրագրի իրագործման պարագայում Երևանը կլինի աշխարհում ընդամենը 2-րդ մայրաքաղաքը, (առաջինը Նայրոբին է) որն իր հանրային տրանսպորտի երթուղիների քարտեզը կինտեգրի Գուգլի քարտեզների ծառայության հետ:

Այժմ Արթուրի թիմն ավարտին է հասցնում թվային տվյալները՝ GTFS – General Transit Feed Specification, որոնք անհրաժեշտ են մշակված քարտեզները գուգլի քարտեզների հետ ինտեգրելու համար: Այս տեխնիկական խնդիրը լուծելուց հետո քաղաքային տրանսպորտից օգտվողները հնարավորություն կունենան օգտվել երթուղիների մասին տեղեկատվությունից: Բացի այդ, Երևանը աշխարհի քարտեզի վրա ավելի հասանելի կդառնա աշխարհի ցանկացած վայրից:

Ցանկանո՞ւմ եք իրագործել այս նախագիծը ձեր քաղաքում կամ պարզապես ուզո՞ւմ եք մանրամասներ իմանալ: Թողեք ձեր մեկնաբանությունները ստորև կամ գրեք Կոլբա լաբի թիմին ֆեյսբուքում կամ թվիթերում: