Ի՞նչ է սոցիալական նորարարությունը

Սոցիալական նորարարությունը սոցիալական խնդիրները նոր գործիքներով լուծելու մեթոդ է: Այն կարող է վերաբերել առողջապահության, կրթության, բնապահպանության, արդարադատության, համայնքների կամ ցանկացած այլ խնդրի:

Սոցիալական նորարարութան ճամբարը մեկտեղ է բերում մարդկանց, գաղափարներ և թվային տեխնոլոգիաներ՝ առցանց սոցիալական նորարարություններ ստեղծելու համար: Ընդամենը երկու օրվա ընթացքում մշակվում են բիզնես մոդելներ ու համակարգչային ծրագրեր: Եթե ավելի մանրամասն տեղեկություններ եք փնտրում սոցիալական նորարարության մասին, կարող եք սկսել Վիկիպեդիայից:

Հայաստանում առաջին սոցիալական նորարարության ճամբարը կազմակերպվել է 2011 թվականին: Երկրորդ անգամ ճամբարը կազմակերպվեց 2012 թ., միավորելով մասնակիցներին հակակոռուպցիոն նախագծերի շուրջ, իսկ երրորդ ճամբարը միավորեց 8 տարբեր երկրներից ժամանած մասնակիցներին մարդու իրավունքների վերաբերյալ գաղափարների մշակման շուրջ:

Փիլիսոփայությունը

Օգտագործել օնլայն աշխարհը` օֆլայնը փոխելու համար:

Մենք հավատում ենք, որ օնլայն աշխարհը հսկայական ներուժ ունի, որ կարող է փոփոխությունների բերել իրական կյանքում: Համացանցն արդեն փոխել է մեր հաղորդակցային համակարգը: Մենք այլ կերպ ենք արդեն ստանում նորություններ, այլ կերպ ենք առևտուր անում ու շփվում:Համացանցը օգնում է մեզ մարդկանց մեկտեղ բերել և ընդլայնում է համագործակցության հնարավորությունները բոլոր ոլորտներում: Նախկինում նման համագործակցության ու արդյունավետության հասնելու համար պետք կլիներ վարձել բավարար քանակով մասնագետների, թիմեր ստեղծել ու կազմակերպել աշխատանքը:

Շատ հաճախ մարդկանց կամավորականության ու էնտուզիազմի ներուժը ստեղծում է ավելի արդյունավետ լուծումներ քան կորպորացիաների վարձած մասնագիտական թիմերը: Սոցիալական ինովացիաների ճամբարը փորձում է օգտագործել այդ ներուժը և մշակել սոցիալական խնդիրների լուծումներ:

Գաղափարից դեպի գործողություն

Ո՞րն է ի վերջո սոցիալական նորարարության ճամբարի նպատակը:

Մեկտեղ բերելով տարբեր գիտելիքների ու տաղանդների տեր մարդկանց՝ ճամբարը տեսական գաղափարը կամ ձևակերպած խնդիրը վերածում է կոնկրետ լուծման և կոնկրետ ծրագրային փաթեթի: Ճամբարը գաղափարների յուրօրինակ ինկուբատոր է, որում զարգանում են ու կյանքի կոչվում բազմաթիվ նախագծեր:

Ինչպե՞ս է գործում սոցիալական նորարարության ճամբարը

Մինչև ճամբարը

Սոցիալական նորարարության ճամբարը սկսվում է գաղափարների հավաքագրման ու մասնակցության բաց հրավերից, որ լայնորեն տարածվում է: Ցանկացած ոք կարող է գրանցվել:

Գաղափարը ներկայացնելիս անպայման չէ, որ դուք տեխնիկական խորը գիտելիքներ ունենաք: 2016-ի ճամբարի թեման առողջապահությունն է, որի վերաբերյալ Կոլբա լաբը հայտարարել էր նորարար գաղափարների մրցույթ:

Ճամբարի դատավորներն ընտրում են ներկայացված գաղափարներից 4-5-ը, որոնք ճամբարի աշխատանքի ընթացքում արդյունավետ ծրագրեր դառնալու պոտենցիալ ունեն:

Ճամբարի ընթացքում

Գաղափարներ ներկայացրած մարդիկ, ինչպես նաև դիզայներներ, ծրագրավորողներ, բիզնեսի և մարքետինգի մասնագետներ, սոցիալական խնդիրների գիտակներ, հրավիրվում են «Սոցիալական նորարարության եռօրյա ճամբարին»:

Ուրբաթ երեկոյից սկսած մինչև կիրակի օրվա կեսօրը հրավիրվածները միավորվում են խմբերում և աշխատում որոշակի սոցիալական ծրագրի մշակման վրա` փորձելով պատասխանել հետևյալ հարցերին:

1.) Ո՞ր խնդրին են փորձում իրենք արձագանքել

2.) Ինչպե՞ս ստեղծել տեխնոլոգիա, որը կօգնի լուծել խնդիրը

3.) Ինչպե՞ս ապահովել գաղափարի կայունությունը

4.) Ինչպե՞ս հավաքագրել օգտատերերի համայնք՝ այս գաղափարի շուրջ

5.) Ի՞նչ ենք անելու «Սոցիալական նորարարության ճամբարից» հետո

Կիրակի օրվա ավարտին մասնակիցները կրկին հավաքվում են մեկ դահլիճում՝ ներկայացնելու իրենց երկօրյա աշխատանքի արդյունքները: Ճամբարի դատավորներն ընտրում են լավագույն ծրագրերը, որոնք և ստանում են ճամբարի մրցանակները:

Ճամբարից հետո

Ճամբարից հետո շատ թիմեր շարունակում են աշխատել միասին՝ ծրագրի իրականացման շուրջ: Սահմանափակ թվով ծրագրեր ստանում են մասնագիտական ու ֆինանսական աջակցություն ՝ նախագծերն իրականացնելու համար:

Այստեղ կարող եք իմանալ ավելին 2016թ. հուլիսի 8-10-ը կայանալիք հայկական 5-րդ սոցիալական նորարարության  ճամբարի մասին, որը փնտրում է տեխնոլոգիական լուծումներ առողջապահության ոլորտում: