Կոլբա լաբի համայնքը ձերն է, եկեք միասին մտածենք թե ինչի ենք ուզում հասնել 2015-ին:
Բավական երկար ճանապարհ ենք անցել «Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարից, որը միավորեց շատ խմբերի, թողնելով լավ հուշեր ու ոգեշնչելով մասնակցիներին նորարար գաղափարներ իրականացնել: Սակայն մինչ նախագծերի մեկնարկը, շատերը կարիք ունեին ծանոթանալու որոշակի ինովացիոն մեթոդների ու գործիքներին:
Այդ իսկ պատճառով ստեղծվեց Կոլբա լաբը, որը ժամանակի ընթացքում գաղափարների ինկուբատորից աճեց ու դարձավ համայնք, որը միավորում է ստեղծագործ ու նորարար մտածողությամբ մարդկանց: Հենց այս համայնքը նախաձեռնեց բազմաթիվ միջոցառումներ, հանդիպումներ, զարգացման ծրագրեր ու այլ նախագծեր:
Կարիք չկա մանրամասն պատմել, թե ինչքան արագ անցավ 2014-ը Կոլբա լաբի համար, բայց մի քանի բան կուզեինք պատմել, որ դուք էլ իմանաք, ինչ ակնկալեք մեզանից գալիք 2015-ին:
Տեղական ինքնակառավարման վերաբերյալ նորարար գաղափարների մրցույթի արդյունքում ունեցանք մի քանի շատ խոստումնալից նախագծեր: Շատ տպավորված էինք, որ Կանադայում բնակվող տրանսպորտային ինժեներ Արթուր Դոլմաջյանը հետաքրքրվեց այս մրցույթով, տեղափոխվեց Հայաստան և այժմ զբաղվելու է Երևանի քարտեզների ինտեգրմամբ Գուգլի ու Open Street Map-ի քարտեզային համակարգերում:
Տեսնող ձեռքեր սոցիալական բիզնեսը, որի գաղափարը ինկուբացվել էր Կոլբա լաբում նախորդ տարի, շարունակում է աճել, մեծ հեղինակություն ձեռք բերել ու մեծ հավանականություն կա, որ այս ձեռնարկությունը իր գրասենյակը կբացի նաև Վրաստանում: Շատ հպարտ ենք, որ այս գաղափարը սկսվել է իրականացվել Հայաստանում:
2014-ի ընթացքում մենք հանրային դարձրեցինք նաև «Կոլբա կաֆեները» ՝ հանդիպում-քննարկումները, որոնք նախկինում կազմակերպվում էին միայն ՄԱԿ-ի գրասենյակի աշխատակիցների համար: Հայաստանի բրենդինգի մասին Վազգեն Քալայջյանի ելույթը այնքան հետաքրքրություն էր առաջացրել, որ դահլիճում նստելու տեղ դժվար էր գտնել:
Այս տարվա ընթացքում Կոլբա լաբը աշխատում էր նաև ՀՀ Կառավարության հետ, ներկայացնելով ու քննարկելով, թե որքան արդյունավետ կարող է լինել քաղաքացիների հետ համատեղ ծրագրերի մշակումը: Մենք ունենք արդեն որոշակի պլաններ, բայց դրա մասին կպատմենք մյուս տարի:
Այս ամենն ընդհամենը այսբերգի գագաթն է, մնացածի մասին ուզում ենք լսել ձեզնից: Ի՞նչ եք ակնկալում Կոլբա լաբից գալիք տարի, ի՞նչն է հիշվել այս տարվա մեր նախաձեռնությունների և ի՞նչը կուզեիք փոխել մյուս տարի: Մենք բաց ենք ձեր առաջարկությունների ու մտքերի համար, և ուրախ կլինենք լսել ձեր կարծիքը: Օրինակ կարող եք առաջարկել հետաքրքիր թեմաներ ու խոսնակներ մեր գալիք հանդիպումների համար: