Ինչպիսի՞ կապ կա քաղաքացիների և քաղաքի միջև: Ինչպե՞ս է քաղաքն ազդում իր բնակիչների վարքագծի վրա և ինչպիսի ազդեցություն ունեն բնակիչները քաղաքի ձևավորման, մշակութային կյանքի և ընդհանուր զարգացման վրա: Մշակութային կյանքը մեծ նշանակություն ունի բոլորիս առօրյայում և ազդում է տարբեր կողմերի վրա ՝ ինչպես մեր հետաքրքրությունների, այնպես էլ երբեմն մասնագիտական գործունեության վրա:

Մենք հետաքրքրված ենք ուսումնասիրել և իմանալ ավելին այն մասին, թե ինչպես քաղաքը կարող է ազդել բնակիչների վարքագծի ու ստեղծարար լինելու ցանկության և ունակության վրա: Սեպտեմբերի 20-ին, ժ. 19:00-20:00 ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հրավիրված խոսնակ Ռոբերտ Բոբ Փալմերն ավելի մանրամասն կխոսի այս թեմաների շուրջ: Կարող եք միանալ միջոցառմանը մեր ֆեյսբուքյան էջում:

Ռոբերտ Բոբ Փալմերը անկախ խորհրդատու է, ով աշխատում է մշակութային քաղաքականության և ռազմավարության, կազմակերպական զարգացման, փառատոնների և միջոցառումների, ստեղծարար հատվածի և քաղաքների մշակութային զարգացման ոլորտներում: Նախկինում Փալմերն աշխատել է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում (2006-2013թթ.), որպես Եվրոպայի խորհրդի մշակույթի և մշակութային և ազգային ժառանգության գծով տնօրեն:

Նախքան Եվրոպայի խորհրդում աշխատելը, Ռոբերտ Փալմերը մոտ 30 տարի աշխատել է մշակույթի ասպարեզում, խորհրդատվական ծառայություններ տրամադրելով պետական  կառավարման գործակալություններին մշակութային զարգացման, մշակութային տուրիզմի և արվեստի վերաբերյալ քաղաքականության մշակման հարցերի վերաբերյալ: Փալմերը համագործակցում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպական հանձնաժողովի և եվրոպական այլ մշակութային հաստատությունների հետ:

Ռոբերտ Փալմերը ղեկավարել է «Մշակույթի եվրոպական մայրաքաղաքները» (Գլազգո և Բրյուսել), հրատարակել է 40 մշակութային մայրաքաղաների գնահատման արդյունք հանդիսացող աշխատություն Եվրոպական հանձնաժողովի համար, ինչպես նաև ղեկավարել է  «Եվրոպական գնահատման հանձնաժողովը», որն ընտրում է «Մշակույթի եվրոպական մայրաքաղաքները»:

Հանդիպումը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: