Վերջին ժամանակներում լրահոսին ուշադիր հետևելով ստեղծվում է այն տպավորությունը, որ Հայաստանը ոչ միայն ՏՏ տեխնոլոգիաների, այլև ստարտափ գաղափարների իրականացման հնարավորությունների դաշտ է։ Օրեցօր ավելանում են ստեղծագործ մարդկանց ու նորարար գաղափարներ փնտրող մրցույթներ, որոնք դիմորդներին առաջարկում են մասնագիտականից մինչև ֆինանսական աջակցություն, և համագործակցության այլ ձևաչափի հնարավորություններ։ Թվում է, որ ցանկացած հետաքրքրության ու մասնագիտացման տեր մարդ կարող է գտնել հենց իրեն համապատասխանող հնարավորությունը։

Եթե, օրինակ, հետաքրքրված եք ծրագրավորմամբ, ճարտարագիտությամբ, ապա մինչև հունիսի 10-ը կարող եք դիմել Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի  հայտարարած աքսելերացիոն ծրագրին։ Կենտրոնը խրախուսում է ՏՏ և ճարտարագիտական նոր արտադրանքի ստեղծումն ու զարգացումը։Աքսելերացիոն ծրագրի ընթացքում թիմերին կտրամադրվեն 2-4 աշխատանքային տեղ, ինչպես նաև համակարգչային տեխնիկա և ինտերնետ: Մանրամասները կարող եք կարդալ կենտրոնի կայքում։

Իսկ եթե դուք արդեն ունեք ձեր ստարտափը (վեբ կամ բջջային հավելված), որը սոցիալական խնդիր է լուծում, օգտագործելով թվային աշխարհի հնարավորությունները, ապա ձեզ կհետաքրքրի  «The World Summit Awards»-ը։ Այս մրցույթը փնտրում է լուծումներ, որոնք առանձնանում են հասարակության վրա թողած իրենց ազդեցությամբ։ 2016թ․ նոյեմբերին աշխարհի ավելի քան 178 երկրների մասնակիցներ կներկայացնեն լավագույն թվային նորարարական լուծումներ։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հուլիսի 15-ը կապվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ info@eif.am էլ․հասցեով կամ +37410219797 հեռախոսահամարով։ Համաշխարհային այս մրցույթին մասնակցելու համար Հայաստանից կընտրվեն ութ մասնակիցներ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Եվ, իհարկե, չենք կարող չանդրադառնալ Կոլբա լաբի կողմից հայտարարված նորարար տեխնոլոգիական լուծումներ փնտրող մրցույթին։ Այս տարի հայտերն ընդունվում են առողջապահության ոլորտում նորարար թվային լուծումներ առաջարկող անհատներից կամ թիմերից։ Մինչև հունիսի 15-ը կարող եք մրցույթին ներկայացնել անսահմանափակ թվով նորարար լուծումներ, որոնք կօգնեն Հայաստանում առողջապահության ոլորտը դարձնել ավելի առաջադեմ ու շարքային քաղաքացուն ավելի հարմար։ Մրցույթը կամփոփվի սոցիալական նորարարության ճամբարով, որի արդյունքում երկու հաղթող թիմերը կստանան ֆինանսական աջակցություն՝ իրենց գաղափարների իրականացման համար։