Կոլբա լաբի կողմից իրականացվող «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, նախորդ տարիների ընթացքում պետական հաստատություններում տեղի են ունեցել մի շարք նորարար գաղափարների մրցույթներ: Մրցույթները փորձարարական հարթակ են ծառայում այն պետական ծառայողների համար, ովքեր համակարգի ներսում որոշակի խնդիրներ էին տեսնում և պատրաստ էին նորարար և այլընտրանքային լուծումներ առաջարկել:
Մրցույթների միջոցով պետական կառավարման համակարգի ներսում կուտակված գիտելիքը և փորձը կիրառվում էր աշխատանքային գործընթացներն օպտիմիզացնելու, հանրային ծառայություններն առավել մասնակցային դարձնելու և քաղաքացու հետ հետադարձ կապի հեշտ և արագ գործիքների ներդրման համար:
Նորարար գաղափարների մրցույթներն իրականացվել են ՀՀ վարչապետի գրասենյակում, ՀՀ արդարադատության և կրթության և գիտության նախարարություններում: Ընդհանուր առմամբ ավելի քան 50 առաջարկներ էին ստացվել ու մշակվել, որոնցից լավագույնները հետագա իրականացման աջակցություն էին ստացել «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակներում: Աշխատանքային ողջ ընթացքում Կոլբա լաբը և բրիտանական «Futuregov» գործակալությունը փորձագիտական խորհրդատվություն ու աջակցություն են տրամադրել նոր նախագծերի քննարկման, դիզայնի, մշակման և իրականացման փուլերում:
Կատարված աշխատանքի արդյունքները հանրությանը ներկայացնելու և արձագանք ստանալու նպատակով 2016թ.-ից Կոլբա լաբը կազմակերպում է ամենամյա «Հանրային կառավարման նորարարության շաբաթ»-ը: Շաբաթը հանրային միջոցառումների, փակ քննարկումների ու հանրային արշավների շարք է, որի ընթացքում մասնակիցները ծանոթանում են պետական կառավարման համակարգում կիրառվող նորարարական մեթոդների, քննարկում, թե ինչպես է հնարավոր ապահովել քաղաքացիների և կառավարության առավել արդյունավետ համատեղ աշխատանքը և թե ինչպես մատուցել առավել մարդկակենտրոն հանրային ծառայություններ:
Հանրային կառավարման նորարարության շաբաթ 2018
2018թ. «Հանրային կառավարման նորարարության շաբաթը» կմեկնարկի հունվարի 30-ին: Շաբաթվա մեկնարկային միջոցառումը նվիրված կլինի նորարար կառավարման հայկական փորձին: Միջոցառման ընթացքում կքննարկվեն, թե ինչ առաջընթաց է գրանցվել համակարգում, և ինչպիսի նոր նախագծեր են իրականացվել պետական ոլորտում:
Փետրվարի 2-ին Կոլբա լաբը կհյուրընկալի նաև հանրային քննարկում՝ հրավիրված խոսնակների մասնակցությամբ, որը նվիրված կլինի տեխնոլոգիաների կիրառմանը պետական ոլորտում, և թե ինչ հնարավորություններ և մարտահրավերներ են սպասվում ծառայությունների և կառավարման համակարգի թվայնացման արդյունքում: Քննարկումը հանրային է, առավել մանրամասն տեղեկատվություն շուտով հասանելի կլինի միջոցառումներ բաժնում: