Նորարարության օրերի շրջանակում Հայաստանում հոկտեմբերի 6-ին Կոլբա լաբը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, PicsArt-ը եւ CreateTogether թիմը համատեղ կազմակերպում են մեկօրյա Հաքաթոն:

Հաքաթոնը նորարար ու տեխնոլոգիական հավաք է, որի ընթացքում ծրագրավորողներն աշխատում են միասին` կարճ ժամանակում ստեղծելով որեւէ տեխնոլոգիական ծառայություն/ապրանք (ապրանքի մոդելը): Միջոցառման ընթացքում մասնակիցները աշխատում են թիմերում, յուրաքանչյուր ոք միանում է այն գաղափարին, որն առավել հետաքրքիր է իրեն:#CreateTogether հաքաթոնը կհամախմբի աշխարհի տարբեր անկյուններից ժամանած նորարար մտածողությամբ մարդկանց, ՏՏ մասնագետներին, ձեռներեցներին ու ստեղծագործ մարդկանց: Հայաստանաբնակ մասնակիցներն ու ժամանած մասնագետները կաշխատեն միասին Երեւանում կայանալիք միջոցառմանը՝ ստեղծելով նոր տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ:

Եթե ունեք հետաքրքիր գաղափար, որը տեխնոլոգիական լուծման կարիք ունի, ապա պատմեք ձեր ծրագրի մասին, լրացնելով առցանց հայտը: Եթե ունեք ՏՏ ոլորտի գիտելիքներ (բջջային հավելվածների նախագծում, ծրագրավորում, կիբեր-անվտանգություն եւ այլն) եւ ուզում եք աշխատել Սիլիկոնային հովտից ժամանած մասնագետների հետ, գրանցվեք որպես մասնակից: Չմոռանաք ձեր հայտում նշել ձեզ առավել հետաքրքրող ոլորտը (սոցիալական, ֆինանսական, մեդիա եւ ժամանց, առողջապահություն եւ այլն), քանի որ ըստ ձեր հետաքրքրությունների են ձեւավորվելու աշխատանքային թիմերը:

Մեկօրյա համատեղ աշխատանքը կամփոփվի մշակված ապրանքների/ծառայությունների մրցույթով:

Շտապեք, գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 27-ն է: