Եվ այսպես, երկար սպասված 2016 թվականի սոցիալական նորարարության ճամբարը տեղի կունենա հուլիսի 8-10 «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցում: Այս տարի մրցույթը փնտրում էր Հայաստանում առկա առողջապահական խնդիրների նորարար տեխնոլոգիական լուծումներ: Շատ ուրախ ենք, որ մրցույթը մեծ հետաքրքրություն էր առաջացրել մեր համայնքում, և ստացել էինք հարյուրից ավելի հայտադիմումներ:

Մասնագիտական ժյուրիի կազմում Կոլբա լաբն այս տարի ընգրկել էր մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սիլիկոնյան հովտից: Գաղափարները գնահատվել են մեր կայքում հրապարակված չափանիշների հիման վրա: Ժյուրիի գնահատման արդյունքում հետևյալ հինգ գաղափարները կմասնակցեն սոցիալական նորարարության ճամբարին.

  1. Դավիթ Քոչարյան -«ԱՊՊԱՀՈՎ ԵՄ» նախագիծը իրենից ներկայացնելու է տեղեկատվական հարթակ, որը հնարավորություն կտա Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններին ներկայացնել իրենց ծառայությունների փաթեթների և դրանց սպասարկող բուժհաստատությունների մասին լիարժեք տեղեկատվություն: Քաղաքացին, օգտվելով որոնման ճկուն համակարգից, հնարավորություն կունենա ընտրել իր համար անհրաժեշտ առողջապահական փաթեթը և սպասարկող բուժհիմնարկը:  Հարթակը կհանդիսանա ազատ մրցակցության դաշտ ապահովագրական ընկերությունների համար` լավագույն առաջարկներով շահելու սպառողների ուշադրությունը:
  2. Գայանե Հովհաննիսյան– Բջջային հավելված , որը նպատակն է օգնել աուտիզմով սպեկտրի խանգարումներով երեխաներին  լինել հնարավորինս ինքնուրույն իրենց առօրյա գործողություններում և հասնել մաքսիմալ շփման շրջակա միջավայրի հետ։ Հավելվածի  հեղինակները աուտիզմով մարդկանց հետ աշխատանքի մասնագետներ և ծնողներ են, ովքեր ունեն հատուկ կարիքներով երեխաների հետ շփման փորձ։  Հավելվածը թույլ է տալիս կազմակերպել և հետևել առօրյա գործողությունների կատարմանը, «Սոցիալական պատմությունների» միջոցով զարգացնել շփման և խաղի մակարդակը երեխաների մոտ, հետևել երեխաների քայլերին նրանցից հեռու լինելով։
  3. Սաթենիկ Գրիգորյան– բջջային հավելված, որը կապող օղակ կհանդիսանա բժիշկների և հիվանդների միջև: Քաղաքացիները հնարավորություն կունենան հարցերի միջոցով պարզել իրենց առողջական խնդրի հավանական պատճառը: Հավելվածի առկա դաշտում օգտատերը կնշի այն խնդիրը, որն իրենից անհանգստացնում է, իսկ հավելվածը, հագեցած լինելով բոլոր ոլորտներին վերաբերող առաջնային կոնսուլտացիաների ժամանակ տրվող հարցերով, կօգնի գտնել համապատասխան մասնագետին:
  4. Սեդա Պապոյան –«Բարեւ բժիշկ»-ը հայալեզու բջջային հավելված, որի նպատակն է  օգնել Հայաստանում մանկաբարձ-գինեկոլոգի և մանկաբույժի ընտրության հարցում, ինչպես նաև դառնալ արագ արձագանքման արդյունավետ տեխնիկական լուծում: Հավելվածին միացած օգտատերերը կկարողանան տարբեր թեմաների շուրջ գտնել առաջին անհրաժեշտության տեղեկություններ մոր և/կամ երեխայի առողջության վերաբերյալ որոնման համակարգի միջոցով: Օգտատերը կկարողանա կապի մի քանի առաջարկվող միջոցներից մեկով ուղիղ շփվել իր ընտրած և հաստատում ստացած բժշկի հետ՝ տեքստային հաղորդագրությունից մինչև պատկերի փոխանցում:
  5. Սաթիկ Բադեյան- «Առողջապահական հաշտարար»: Ինտերնետային պլատֆորմ, որտեղ մարդիկ կարող են թողնել իրենց հուզող հարցը՝ առողջապահության ծառայությունները կարգավորող օրենքների ու ընթացակարգերի մեկնաբանության կամ կոնկրետ դեպքերի վերաբերյալ,  և ստանալ փորձագիտական պատասխան կամ ուղղորդում փորձագետի կողմից՝ իրենց խնդիրը ճիշտ լուծելու վերաբերյալ:  Առողջապահական հաշտարարը կնպաստի հիվանդների և բուժաշխատողների իրազեկության բարձրացմանը ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի վերաբերյալ, միջնորդի դեր կստանձնի պացիենտի և բուժհաստատության միջև տարբեր պատճառներով ծագած վեճերը և խնդիրները  լուծելու հարցում:

Եզրափակիչ փուլ անցած գաղափարների հեղինակները, ինչպես նաև դիզայներներ, ծրագրավորողներ, բիզնեսի և մարքետինգի մասնագետներ, սոցիալական խնդրի գիտակներ մասնակցելով «Սոցիալական նորարարության եռօրյա ճամբարին», ընդամենը երկու օրվա ընթացքում համատեղ մշակելու են նորարար լուծումների պրոտոտիպերը/մոդելները/ և ներկայացնեն ժյուրիի՝ վերջնական գնահատման համար: Ճամբարի հաղթողները կընտրվեն կիրակի օրը՝ հուլիսի 10-ին, ժամը 15:00-17:00-ին Աղվերանի «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցում, որտեղ կկայանա նորարարության ճամբարի փակման և մրցանակաբաշխության արարողությունը:

Եթե ավելի մանրամասն տեղեկություններ եք փնտրում սոցիալական նորարարության մասին, կարող եք սկսել այստեղից: