Հայաստանում ապրում է շուրջ 190.000 հաշմանդամություն ունեցող անձ, սակայն հասանելիության խնդիրը շարունակում է մնալ լրատվամիջոցների ուշադրությունից և հանրային իրազեկվածությունից դուրս: Նրանցից յուրաքանչյուրը ցանկանում է գնալ աշխատանքի, կինոթատրոն կամ վայելել ամառային երեկոներն իր ընկերների հետ սրճարանում: Սակայն ոչ միշտ է հեշտ տեղաշարժվել քաղաքում, քանի որ, օրինակ, որոշ վայրերում աստիճանները խոչընդոտում են շենք մուտք գործելուն:
Դրա հետ մեկտեղ մի շարք սրճարաններ, փորձելով հասանելի լինել բոլոր հաճախորդներին, տեղադրում են թեքահարթակներ: Ինչպե՞ս է հնարավոր իմանալ, թե որ վայրերն են հասանելի անվասայլակներով մարդկանց կամ օրինակ մանկասայլակով ծնողների ու ճամպրուկով զբոսաշրջիկների համար:
Այժմ բոլոր ցանկացողները կարող են միանալ մատչելի վայրերի քարտեզագրմանը, գրանցվելով matcheli.am կայքում կամ ներբեռնելով matcheli vayrer բջջային հավելվածը:
Նկարեք ձեզ հանդիպած մատչելի վայրը, նշեք հասցեն մեր քարտեզի վրա և նկարագրեք, թե ինչու է այն մատչելի: Այս կերպ կկարողանանք օգնել անվասայլակով, ձեռնափայտով տեղաշարժվող մարդկանց, մանկասայլակով զբոսնող ծնողներին և նույնիսկ հեծանվորդներին տեղեկանալ քաղաքում մատչելի վայրերի մասին՝ առանց տանից դուրս գալու անհրաժեշտության:
Եթե ուզում եք մասնակցել Կոլբա լաբի օգնությամբ մշակված բջջային հավելվածի փորձարկմանը, հրավիրում ենք մատչելի վայրերի քարտեզագրման բացօթյա մափաթոնին:
Միջոցառումը կմեկնարկի հոկտեմբերի 8-ին, ժ. 11:00-ին, Արամի փողոցում, որտեղից կամավորների թիմերը կշարժվեն երեք տարբեր ուղղություններով ու քարտեզագրման ավարտին կհանդիպեն Սիրահարների այգում, որտեղ կլինի մափաթոնի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը:
Սկսնակ ու փորձառու քարտեզագրողներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ, մանկասայլակով ծնողներ և բոլոր ոչ անտարբեր անձինք կարող են միանալ մեզ: Տեղանքի մասին գիտելիք, ինչպես նաև քարտեզագրման փորձ պարտադիր չէ:
Միջոցառման սկզբում համով սուրճի շուրջ կծանոթացնենք մատչելիության սկզբունքներին և matcheli.am-ի քարտեզի վրա վայրեր ավելացնելու քայլերին: Եկեք շաբաթ օրը երկու ժամ նվիրենք Երևանը ավելի մատչելի դարձնելուն:
11:00: Matcheli.am-ի ներկայացում և պրակտիկ ինֆորմացիա
11:40: Քարտեզագրման սկիզբը
13:00: Ավարտ, արդյունքների ամփոփում և մրցանակներ
Միացեք միջոցառմանը այստեղ: