Օգտագործել օնլայն աշխարհը` օֆլայնը փոխելու համար:

2011 թվականից ի վեր ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը կազմակերպում է սոցիալական նորարարության ճամբարներ ՝ փնտրելով նորարար տեխնոլոգիական լուծումներ, որոնք կօգնեն լուծել Հայաստանում առկա տարբեր ոլորտի խնդիրներ:

Սոցիալական նորարարության ճամբարը մեկտեղ է բերում մարդկանց, գաղափարներ և թվային տեխնոլոգիաներ՝ առցանց սոցիալական նորարարություններ ստեղծելու համար: Ընդամենը երկու օրվա ընթացքում մշակվում են սաղմնային փուլում գտնվող գաղափարների բիզնես մոդելներ ու պրոտոտիպեր/մոդելներ: Միավորելով տարբեր գիտելիքների ու տաղանդների տեր մարդկանց՝ ճամբարը տեսական գաղափարը վերածում է կոնկրետ լուծման: Դիզայներներ, ծրագրավորողներ, շուկայագետներ, մեդիա ոլորտի մասնագետներ և սոցիալական ոլորտի մասնագետները համատեղ դիզայնի միջոցով մշակում են տեխնոլոգիական լուծումներ՝ արձագանքելով ճամբարին նախապես ընտրված խնդիրներին:

Այլ պարագայում, նման համագործակցության ու արդյունավետության հասնելու համար պետք կլիներ բավարար թվով մասնագետներ վարձել, թիմեր ստեղծել ու կազմակերպել աշխատանքը:

Մինչև ճամբարը

Եվրոպական միության աջակցությամբ, Կոլբա լաբը հրավիրել էր բոլոր հետաքրքրված անձանց ներկայացնել իրենց գաղափարներն և/կամ մասնակցության հայտ լրացնել: Ցանկացած ոք կարող էր գրանցվել, առանց որևէ սահմանափակման: 2016թ. ճամբարի համար ստացել էինք ավելի քան 55 գաղափար և մոտ նույնքան մասնակցության հայտ: Առաջին փուլի ընտրության համար հրավիրվել էր մասնագիտական ժյուրի, որը գնահատել էր ստացված գաղափարներն ըստ նախապես հրապարակված չափանիշների:

Ճամբարի ընթացքում

Ճամբարը մեկնարկեց ուրբաթ երեկոյան, որտեղ 5 գաղափարների հեղինակները հակիրճ ներակայացրեցին իրենց գաղափարները, ճամբարի մասնակիցները միացան իրենց առավել հետաքրքիր գաղափարին, և կազմված թիմերն երկու օր շարունակ աշխատեցին միասին՝ մշակելով նորարար ծրագրեր և նախագծելով դրանց մոդելները:

Կիրակի օրվա ավարտին մասնակիցներն իրենց աշխատանքի արդյունքները ներկայացրեցին ժյուրիին, որի կազմում էին.

1.  Կարեն Վարդանյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն

2.  Լիլիթ Գևորգյանը, ՏՏ  գործատուների միության գործադիր տնօրեն

3.  Արամ Մխիթարյանը, Հելիքս Կոնստալտինգ ընկերության տնօրեն

4.  Արաքսյա Մարտիրոսյանը – World Startup Cup-ի փոխնախագահ

5.  Ալեքսանդր Բազարչյանը, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն

6.  Աստղիկ Գրիգորյանը, ԱՄՆ ՄԶԳ,Առողջապահական նախագծերի կառավարման մասնագետ

Թեժ քննարկումներից հետո ժյուրին ընտրեց երեք գաղափար, որոնք հնարավորություն կունենան անցնել Կոլբա լաբի ինկուբացիոն շրջանը, որն ենթադրում է ինչպես ֆինանսական (մինչև $3000), այնպես էլ փորձագիտական ու խորհրդատվական աջակցություն ծրագրերի իրականացման ընթացքում:

Առաջին մրցանակի արժանացավ Սաթենիկ Գրիգորյանի թիմը, որն աշխատում էր  բջջային հավելվածի մշակման վրա: Պայմանական անունով PanDoc հավելվածը  կօգնի օգտատերերին պարզ հարցերի միջոցով պարզել իրենց առողջական խնդրի հավանական պատճառը և կուղղորդի համապատասխան մասնագետի մոտ: Օգտատերերն այլևս ժամանակ չեն ծախսի բազմաթիվ բժիշկներին այցելելու համար և կկարողանան մասնագետների ընտրության հարցում խորհրդատվություն ստանալ: Սաթենիկը ղեկավարում է նաև Doctors.am պլատֆորմը և այս հավելվածը ստեղծելիս կօգտագործի գոյություն ունեցող պլատֆորմի բժիշկների ու օգտատերերի բազան:

Երկրորդ մրցանակը բաշխվեց երկու թիմերի միջև:

  • Գայանե Հովհաննիսյանի թիմը մշակել էր բջջային հավելվածի մոդել, որի նպատակն է օգնել աուտիզմով սպեկտրի խանգարումներով երեխաներին լինել հնարավորինս ինքնուրույն իրենց առօրյա գործողություններում: Հայալեզու հավելվածում տեղ գտած «Սոցիալական պատմությունների» միջոցով երեխաների մոտ հնարավոր կլինի զարգացնել շփման հմտություններ,  կազմակերպել և ուղորդել առօրյա գործողությունների կատարումը, ինչպես նաև ծնողները հնարավորություն կունենան հետևելու երեխաների քայլերին՝ անգամ նրանցից հեռու լինելով:
  • Սաթիկ Բադեյանի թիմն աշխատում էր մի ինտերնետային պլատֆորմի նախագծի վրա, որը մատչելի կերպով կտեղեկացնի օգտատերերին առողջապահության ծառայությունները կարգավորող օրենքների ու ընթացակարգերի մասին, պետպատվերով մատուցվող ծառայությունների ու դրանց տրամադրման կարգի մասին: Այս գործիքը կարող է նաև միջնորդ հանդիսանալ հիվանդի և բուժ.հաստատության միջև տարբեր պատճառներով ծագած վեճերի լուծման հարցում:

Ճամբարից հետո

Ճամբարի ընթացքում կուտակած էներգիան, խանդավառությունը ուղղվում են ծրագրերի իրականացման մեջ: Հետևեք մեր էջին ֆեյսբուքումթվիթերում և ինստագրամում՝ ծրագրերի իրականացման ընթացքի մասին մանրամասներն առաջինն իմանալու և Կոլբա լաբի այլ միջոցառումներին գրանցվելու համար: