Ի՞նչ է կարելի ստեղծել աշխատելով 24 ժամ անընդմեջ: Փորձել էինք այս հարցերի պատասխանը գտնել, հրավիրելով ՏՏ ոլորտի տարբեր մասնագիտացումների մարդկանց, հավաքագրելով տվյալների շտեմարաններ տարբեր ոլորտներից՝ աղբանահանությունից, բջջային զանգերի անանուն գրանցումներից մինչև բնակֆոնդի կառավարմանը վերաբերող տվյալներ:
Երևանի քաղաքապետարանում կայացած «Խելացի քաղաք» հաքատոնին մասնակցեցին ավելի քան 60 ծրագրավորողներ, տվյալների բազաների հետ աշխատող մասնագետներ և վեբ ու բջջային հարթակներ նախագծողներ: «Խելացի քաղաք» հաքատոնը կազմակերպվել էր «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
Մասնակից 16 թիմերի մշակած լուծումները վերաբերում էին մի քանի հիմնական ոլորտների՝ «խելացի» տուրիզմի կազմակերպում, շրջակա միջավայրի աղտոտման քարտեզագրմա և կանխարգելման գործիքներ, այդ թվում նաև «աղմուկային աղտոտման» վերաբերյալ, բնակֆոնդի կառավարման էլեկտրոնային գործիքներ և այլն:
Թեժ աշխատանքային ընթացքի արդյունքները ներկայացնելու համար թիմերին հատկացված էր հինգ րոպե, ևս հինգ րոպե՝ ժյուրիի հարցերին պատասխանելու համար: Գնահատող հանձնաժողովի կազմում էին՝
- «Պիկսարտ» ընկերության գլխավոր և տեխնոլոգիական տնօրեն Միքայել Վարդանյանը,
- ՏՀՏ գործատուների միության տնօրեն Էդուարդ Մուսայելյանը,
- Ամերիկյան Համալսարանի համակարգչային գիտությունների ամբիոնի ղեկավար Արթուր Պետրոսյանը,
- Երևանի քաղաքապետարանի Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը,
- «Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանը,
- «Հելիքս կոնստալտինգ» ընկերության հիմնադիր տնօրեն Արամ Մխիթարյանը,
- Հարավային կալիֆորնիայի համալսարանի տեղեկատվական գիտությունների ինստիտուտի հետազոտությունների ղեկավար Արամ Գալստյանը,
- «Գրանատուս Վենչուրս» ֆոնդի գործընկեր Պիեր Հեննեսը:
Ժյուրիի կողմից հաղթող ճանաչվեցին հետևյալ երեք առաջարկները՝
1.«Oorban» թիմն արժանացավ առաջին մրցանակին (Մինչև 5000 ԱՄՆ դոլար ծրագրի իրականացման համար): Թիմն առաջարկել էր համատիրությունների էլեկտրոնային կառավարման համակարգ, որը հնարավորություն կտա բնակիչներին հետևել իրենց վճարների օգտագործմանը, ինչպես նաև բարձրաձայնել իրենց շենքի կառավարման վերաբերյալ խնդիրները
2.Երկրորդ մրցանակին(մինչև 4000 ԱՄՆ դոլար ծրագրի իրականացման համար) արժանացավ աղբանահանության խելացի կազմակերպում նախագիծը: «Datathon» թիմն, աշխատելով աղբատար մեքենաների ուղեգծերի և աղբամանների տեղադրման վերաբերյալ տվյալների հետ, մշակեց մոդել, որը կօգնի առավել արդյունավետ կազմակերպել աղբատար մեքենաների ուղեգծերի կազմում և աղբամանների առավել նպատակահարմար դասավորություն:
3.Երրորդ մրցանակը (մինչև 3000 ԱՄՆ դոլար ծրագրի իրականացման համար) շնորհվեց «Smart Space» թիմին, ով մշակել էր Երևանի համայնքներում կենսամակարդակի մոնիտորինգի գործիք, որն օգտագործում է տվյալներ ինչպես բնակֆոնդի, աղբահանության, այնպես էլ այլ ոլորտներից, և քարտեզագրում քաղաքում առավել աղտոտված կամ նպաստավոր հատվածները
Երևանի քաղաքապետի հատուկ շնորհակալագրեր հանձնվեցին հետևյալ անվանակարգերում՝
- Լավագույն լուծում, որը հաշվի է առել օգտատիրոջ կարիքները (user-friendly)՝ Triple E թիմին,
- Լավագույն նորարար լուծում՝ Arloopa,
- Լավագույն ֆունկցիոնալ լուծում՝ Tip-Tep,
- Լավագույն մասնակցային և ներառական լուծում՝ Green Apple
Միջոցառման նկարները հասանելի են մեր ֆեյսբուքյան էջում: Հետևեք մեզ սոցիալական ցանցերում՝ @kolbalab` առաջինը իմանալու ստարտափերի իրականացման մասին տեղեկություններին: