Վերջերս բլոկչեյնի շուրջ ակտիվ քննարկումները հետաքրքրություն առաջացրեցին Կոլբա լաբում, մասնավորապես, թե ինչպես կարող է բլոկչեյն տեխնոլոգիան կիրառվել սոցիալական հարցեր լուծելու նպատակով և զարգացման ծրագրերում:
Բլոկչեյնը տարբեր կիրառություններ ունի, և այս հիմքի վրա մշակված շատ ապրանքներ ու ծառայություններ գոյություն ունեն: Օրինակ IBM ընկերությունը համագործակցելով աշխարհում ամենամեծ Wallmart սուպերմարկետների ցանցի հետ մշակում է միջավայր, որը թույլ է տալիս տեսնել յուրաքանչյուր ստացված ապրանքին վերաբերող տեղեկատվության աղբյուրը և նվազեցնել այդ ապրանքի պատկանելիության, ժամկետայնության և կեղծման հնարավորությունները։ Blockchain տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ հաճախորդները կարող են տեսնել թե որ երկրից է ներկրվել մթերքը, ինչ ճանապարհ է այն անցել և որքան ժամանակ է այն դրված խանութի տաղավարում։
Այժմ ամենահայտնի օրինակներից է բիթքոինը: Եվ քանի դեռ բուռն քննարկումներ են ընթանում` արդյոք բիթքոինի նման գրավիչ ներդրման հնարավորությունը հուսալի ու երկարաժամկետ է, թե ոչ, մեկ բան պարզ է՝ բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառումը մեծ հեռանկարներ ունի:
Եթե հետաքրքրված եք այս թեմայով և կուզենայիք առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ, թե ինչ է իրենից ներկայացնում բլոկչեյնը և ինչպես կարող է կիրառվել սոցիալական ոլորտում, միացեք Կոլբա լաբի տարվա վերջին հանդիպմանը Հովհաննես Կուլողլյանի հետ, որը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին, ժ. 18:00 – 19:30 ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Զրույցը կլինի հայերեն: Մասնակցության համար կարող եք գրանցվել այստեղ:
Հովհաննեսը ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրավորման ոլորտում աշխատանքի ավելի քան 15 տարվա փորձ ունի: Նրա փորձառնությունը նաև ներառում է մեծ չափի տվյալների հետ վերլուծական աշխատանքը և թվային արժույթների ծրագրային ապահովման մշակումը: Այժմ Հովհաննեսը ղեկավարում է «Hex Division» ծրագրային ապահովման գործակալությունը Երևանում: Ընկերությունը մասնագիտացած է վեբ և բջջային հավելվածների ստեղծման, ֆինանսների ոլորտի համար լուծումների մշակման և Blockchain տեխնոլոգիայի գործնական կիրառման մեջ:
Հանդիպումը կազմակերպվում է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: