Ինչպես գիտենք, հոկտեմբերը Հայաստանում տեխնոլոգիական ամիս էր, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT), FAST հիմնադրամի Global Innovation Forum-ը և շատ այլ մեծ և փոքր միջոցառումներ տեղի ունեցան Հոկտեմբեր ամսվա ընթացքում՝ բոլորի առօրյան լցնելով նոր գիտելիքներով և հմտություններով:

Օգտվելով այս հնարավորությունից Կոլբա լաբը որոշեց հաջորդ միջոցառումը ուղղված յուրահատուկ մասնագիտություններին նվիրել կիբերանվտանգության թեմային: Այս թեման ոչ միայն  մեծ պահանջարկ ունի, այլև արագ զարգացող տեխնոլոգիական աշխարհում կիբերանվտանգության մասնագիտությունը դառնում է շատ ավելի կարևոր և պահանջված հատկապես երբչորրորդ արդհունաբերական հեղափոխությունն արդեն ճանապարհին է։

Շատ մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններ ենթադրում են որոշակի հմտությունների և գիտելիքների համադրություն, որը հնարավոր չէ ստանալ սովորելով միայն մեկ նեղ մասնագիտական ուղղությամբ։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ներթափանցումը կյանքի բոլոր ոլորտներ բացում է բազմաթիվ հնարավորություններ, սակայն իր հետ բերում է նաև վտանգներ և մարտահրավերներ՝ դրանով իսկ դարձնելով կիբերանվտանգության մասնագիտությունը պահանջված և արժեքավոր: Ընդ որում, այս ոլորտում չկա մեկ՝ կանխորոշված ուղղություն:

Կիբերանվտանգության մասին մեր միջոցառումը տեղի ունեցավ հոկտեմբերի 25-ին, որի ընթացքում քննարկեցեինք այս մասնագետների համար տեղական և միջազգային աշխատաշուկաների հեռանկարները:

Մենք նաև հրավիրել էինք ոլորտի մի շարք հիանալի խոսնակների, ովքեր հետաքրքրված մասնակիցների հետ կիսեցին իրենց տեսլականն ու գիտելիքները տվյալ թեմայի շուրջ՝ այն դարձնելով ավելի տպավորիչ:

 

Մեր խոսնակներն էին՝

Սամվել Մարտիրոսյանը, ով ներգրավված է տեղեկատվության հետ կապված մի շարք ոլորտներում:

Հանդիսանում է ArmSec հիմնադրամի տնօրեն, CiviCERT-AM թիմի համահիմնադիր։ Զբաղվում է տեղեկատվական անվտանգության տարբեր ուղղություններով, ինչպես կիբերանվտանգության, այնպես էլ՝ բովանդակային ուղղություններով, ներառյալ փաստերի ստուգումը և կեղծ լուրերի տարածումը։

Անդրանիկ Վարդանյանը Unix-ի սիրահար է, անվտանգության ինժեներ, ով աշխատել է Հայաստանի ազգային CERT-ում (համակարգչային արտակարգ իրավիճակների արձագանքման խմբում) և ով այժմ ղեկավարում է EVN CERT-ը։ Նա հիմնել է illuria security ընկերությունը, որը ավտոմատացնում է թվային «թակարդները»՝ honeypot-ները, որոնք օգնում են ավելի արդյունավետ կերպով հայտնաբերել հաքերներին։

Արթուր Պապյանը «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի» տնօրենն է, Techsoup-ի ներկայացուցիչը Հայաստանում ինչպես նաև CiviCERT.am թիմի համահիմնադիր։ Արթուրը նաև աշխատում է որպես ՏՏ աուդիտոր, ՏՏ և մեդիա ոլորտի հետազոտող և խորհրդատու։ Նախկինում նա հանդիսացել է «Ազատություն» ռ/կ մուլտիմեդիա խմբագիր և ինտերնետային լրագրող, ինչպես նաև օնլայն լրագրություն և հարակից թեմաներ դասավանդել հայաստանյան մի շարք համալսարաններում։

Սա ևս մեկ արդյունավետ հանդիպում էր ապագայի մասնագիտությունների վերաբերյալ։ Բաց մի թողեք գալիք միջոցառումները՝ լսելու յուրահատուկ մասնագիտութոյւնների մասին։