Արդեն իսկ համալսարանական տարիներից երիտասարդները տարբեր հնարավորություններ են փնտրում, ցանկանալով ձեռք բերել այնպիսի հմտություններ, որոնք կօգնեն փոքր բայց հստակ քայլերով կառուցել իրենց ապագան։

Կոլբա լաբը, «Կարիերայի լաբ» կարիերայի և շարժունության կենտրոնի հետ համատեղ ստեղծել ենք «Հնարավորությունների տոնավաճառը» միջոցառման մի ձևաչափ, որի նպատակն է ստեղծել կամուրջներ և կապել երիտասարդներին ու գործատուներին։

«Հնարավորությունների տոնավաճառը» երիտասարդներին ոչ միայն հնարավորություն է տալիս գտնել համապատասխան աշխատանք և պրակտիկայի հնարավորություն, այլև դասընթացներ է կազմակերպում որոշակի հմտությունների վերաբերյալ, ինչպիսիք են՝ քրաուդֆանդինգը (crowdfunding), ռեզյումե և մոտիվացիոն նամակ գրելը, ձեռներեցության հմտությունները,  3D գրաֆիկան և անիմացիան։

Սրանք այն հմտություններն են, որ երիտասարդները պետք է որոշակի գիտելիքներ ունենան իրենց կարիերան ստեղծելու համար։ Տոնավաճառն էլ հենց այն վայրն է, որտեղ նրանք կարող են ձեռք բերել այս բոլոր հմտությունները։

Ուրախ էինք կազմակերպել մեր թվով 3-րդ «Հնարավորությունների տոնավաճառը», որ տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին Շիրակի մարզ՝ Գյումրիում, որն «Ապագայի աշխատատեղեր և հմտություններ» ծրագրի թիրախ մարզերից մեկն է։

Տոնավաճառը տարբերվում էր նախորդ երկուսից նրանով, որ այս անգամ մենք նաև կազմակերպել էինք «Ապագայի հմտություններ» խորագրով պանելային քննարկում։

ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը պանելային քննարկման խոսնակներն էին, ովքեր կիսեցին մարզերում աշխատատեղերի, հմտությունների ձևավորման և աշխատանք փնտրելու վերաբերյալ իրենց տեսլականը։ Նրանք աջակցում էին այս միջոցառմանը, նշելով, որ այսպիսի միջոցառումները երիտասարդներին տալիս են այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք կօգնեն նրանց ապագայի աշխատաշուկայի մասին ավելի լավ պատկերացում ունենալ։

Մենք նաև ուրախ էինք հյուրընկալել Դմիտրի Ստեպանովին, ով Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանի խորհրդական է։ Նա խոսեց Հայաստանում ՌԴ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին, որի նպատակն է Հայաստանի երիտասարդության համար կառուցել ավելի բարենպաստ պայմաններ տալով նրանց հնարավորություն տեղական աշխատաշուկայում օգտագործել իրենց ներուժը։