Ամեն տարի աշխարհի տարբեր կետերից ձեռներեցները հավաքվում են Ձեռներեցության Գլոբալ Գագաթնաժողովին (ՁԳԳ) երեք օր գործնական կապեր հաստատելու, ներդրողների հետ հանդիպելու, տարբեր բնագավառներին վերաբերվող հանդիպումներին մասնակցելու  և՝ որ ամենակարևորն է՝ գաղափարներով կիսվելու համար:

Ձեռներեցության «քաղցած խաղերին» միայն ամենալավ ձեռներեցներին ու սթարթափերին են հրավիրվում մասնակցել: 5000-ից ավել դիմորդներից միայն 700-ն են հնարավորություն ստանում մասնակցել գագաթնաժողովին:

Հայաստանը՝ ուշադրության կենտրոնում

Այս տարի Անի Բերբերյանը՝ MemTalk սթարթափի համահիմնադիրը, առաջին հայկական սթարտափերից էր, որ հրավերք ստացավ Սթենֆորդում կայանալիք ՁԳԳ-ին մասնակցելու:  MemTalk-ը թվային պատում ներկայացնելու հավելված է, որը թույլ է տալիս միաժամանակ ձայնագրել ձայնը և նկարներ անել՝ հեշտացնելով ցանկացած իրադարձության հետևելը կամ սեփական փորձն ու գաղափարները գրանցելը:

ՁԳԳ-ն ավելին էր քան Անին ակնկալում էր. «Իհարկե, գիտեի, որ այն կազմակերպված էր Պետդեպարտամենտի կողմից և, որ նույնիսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման էր այցելելու, սակայն մինչև վերջին պահը չէի կարող պատկերացնել, որ այն այդքան մեծ իրադարձություն է լինելու»: Հայաստանը ներկայացնող թիմի, այդ թվում Անիի, ողջ ժամանակն անցնում էր աշխատանքային և ոչ ֆորմալ հանդիպումներին մասնակցելով:

Բարեբախտաբար, MemTalk-ն ընտրվել էր նաև որպես ՁԳԳ Պլյուս Նորահայտ երիտասարդների և կին ձեռներեցների ուղղության մասնակից և հնարավորություն էր ստացել ևս մեկ լրացուցիչ օր մասնակցել միջոցառումներին : «Ամեն անգամ, երբ խոսում ես ներդրողների հետ, մի նոր բան ես սովորում, օրինակ, թե ինչ տիպի հարցեր կարող են տալ և ինչ են ուզում լսել քեզնից»: Նույնիսկ, երբ հարցերն ավելի անձնական էին դառնում և քիչ թե շատ կապված չէին իր սթարթափի հետ, Անին, հասկանում էր, որ «նրանք ներդրում են կատարում թիմի մեջ և ցանկանում են հնարավորինս շատ ճանաչել քեզ և քո թիմին»: Այդ պատճառով նրանք հարցնում են մանկության և ծնողների մասին: «Պետք չէ դրանից բարկանալ, այսպես նրանք ճանաչում են ձեզ»: Անին խորհուրդ է տալիս երիտասարդ ձեռներեցներին միշտ պատրաստ լինել 30 վայրկյան տևողությամբ, ինչպես նաև մեկ, երկու և երեք րոպեանոց գաղափարի ներկայացման համար,  քանի որ «երբեք չգիտես՝ երբ ու որտեղ ես հանդիպելու ներդրողներին:

Համեմատելով այլ մասնակիցների մոտեցման փորձերը՝ Անին նկատել է, թե ինչպես որոշ մասնակիցներ մոտենում էին ներդրողներին երկրորդ, երրորդ և նույնիսկ չորրորդ անգամ, սակայն մյուսների համար անսովոր էր մոտենալ ներդրողին, եթե նախկինում արդեն մերժվել էին: «Մենք հաճախ ենթադրում ենք, որ ներդրողները մեզ նորից չեն լսելու կամ ձանձրացնելու ենք իրենց, քանի որ արդեն մերժել են մեր առաջարկը: Սակայն, երբ խոսում էինք տարբեր ներդրողների և մենթորների հետ մեզ խորհուրդ տվեցին ավելի համառ լինել, քանի որ դա ցույց է տալիս, որ մենք կարևորում ենք մեր արտադրանքը և անկախ ամեն ինչից ցանկանում ենք հաջողության հասնել»:

Ըստ Անիի, սթարթափի ամենակարևոր բաղադրիչը ոչ միատարր թիմն է, իրագործման համառությունը և լավ պոտենցիալ շուկան: «Երբ խոսում ես ներդրողի հետ, միակ բանը, որ նրան հետաքրքրում է այն է, թե ինչ փորձ ունի թիմը: Նրանք փնտրում են տարբեր հմտություններ, և արդյոք դուք ունեք այն ինչ անհրաժեշտ է գործն անելու համար: Նրանք նաև ցանկանում են իմանալ թե ինչքան մեծ է ձեր պոտենցիալ շուկան: Պետք  է վստահ լինեք, որ շուկան բավարար մեծ է և ձեր ապրանքը իրական հարց է լուծում»:

Անին նկատել է, որ ՁԳԳ մասնակից լինելը թույլ է տալիս բաց թողնել ներդրողներին սեփական ունակությունն ու արժեքը ապացուցելու առաջին քայլը: «Խոսել եմ մի շարք ներդրողների հետ և գիտեմ, թե ինչ են ցանկանում տեսնել մինչև MemTalk-ի մեջ ներդնելը: Եվ երբ նրանց մոտենամ երկրորդ անգամ ՁԳԳ-ին մասնակցության փորձ և որոշակի ձեռքբերումներ ունենալով, ավելի հեշտ կլինի ներկայանալ»: Անին խորհուրդ է տալիս այլ ձեռներեցների դիմել և մասնակցել ՁԳԳ նման միջոցառումների՝ ճանաչում ձեռք բերելու և Սիլիկոնյան Հովտի և այլ նորարար թեժ կետերի մտածելակերպի մասին տեղեկանլու համար: «Կարևոր է մասնակցել այսպիսի միջոցառումների և բաց լինել նոր շփումներին ու համագործակցությանը, քանի որ այսպես ընկերությունն ավելի արժանահավատ է դառնում»:

 

Ինչ է սպասվում MemTalk-ին առաջիկայում

Մոտ ապագայում Անին տեսնում է Memtalk-ը, որպես թվային պատումը վերափոխող գործիք և դրա հաջողության գրանցումը եվրոպական ու ամերիկյան շուկաներում: «Ես կառաջարկեի հայկական ստարտափներին գլոբալ մտածել: Մենք պետք է շատ աշխատենք գլոբալ առումով մեր երկիրը դիրքավորելու համար և պետք է ի վիճակի լինենք ստեղծել մի էկոհամակարգ, որտեղ կառավարությունը, մասնավոր ընկերությունները և ՀԿ-ները աշխատում են համատեղ՝ ձեռներեցությունը խթանելու համար: Այդպես է աշխատում Սիլիկոնյան Հովիտը և այդպես պետք է աշխատի նաև Հայաստանը: Կան մի շարք հիանալի լաբորատորիաներ, ինչպիսին է Կոլբա լաբը, որոնք աջակցում ու խրախուսում են ձեռներեցներին: Իրավիճակը կբարելավվի, երբ մի շարք հաջողակ ստարտափեր կլինեն շուկայում և երբ մարդիկ կճանաչեն Հայաստանը որպես Հարավային Կովկասի Սիլիկոնյան Հովիտ»: