Երիտասարդության միջազգային օրը՝ օգոստոսի 12-ին, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ «Փոխակերպելով կրթությունը» խորագրով հնարավորությունների տոնավաճառ ։ Այն համատեղ իրականացվեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կոլբա Լաբի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, «Կարիերայի լաբ» կարիերայի և շարժունության կենտրոնի, «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի, Եվրոպական միության, Վորլդ Վիժն Հայաստանի, Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կողմից։
Վանաձորի հնարավորությունների տոնավաճառը բաց հարթակ էր բոլոր նրանց համար, ովքեր փնտրում էին առկա աշխատատեղերի մասին թարմ տեղեկատվություն, հետաքրքրված էին կրթական հնարավորություններով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկում։ Տեղական ՀԿ-ները և նախաձեռնությունները ներկայացրեցին իրենց կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերը ինչես նաև համագործակցության հնարավորությունները։
Միջոցառմանը մասնակցեցին Լոռու մարզի երիտասարդներին կրթական, կամավորական կամ աշխատանքային հնարավորություններ առաջարկող տեղական, ազգային, միջազգային կազմակերպություններ և կառույցներ։
Տոնավաճառին զուգահեռ ընթացան մի շարք վարպետաց դասեր և հանրային զրույցներ տարբեր թեմաների շուրջ, ինչպիսիք էին օրինակ՝ աշխատաշուկայում մրցունակության հիմնական ունակությունները, ինչպես ճիշտ ներկայանալ գործատուին, ինչն է կարևոր սոցիալական ցանցերում ներկայանալիս և այլն։ Երիտասարդների համար նախատեսված էր նաև աշխատանքային կենսագրական կազմելու և տեղում տպելու տաղավար (CV-booth), որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան ստանալ մասնագիտական ուղղորդում աշխատանքային կենսագրականներն ավելի գրավիչ դարձնելու կամ տեղում զրոյից կազմելու ուղղությամբ։
Տոնավաճառն իրականացվել է «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։