Դեկտեմբերի առաջին հանգստյան օրերը ակտիվ էին անցնում ավելի քան 50 ծրագրավորողների և Կոլբա լաբի թիմի համար, ովքեր մասնակցում էին Աղվերանում «Բաց տվյալների հաքաթոնին»:  Երկօրյա այս միջոցառման նպատակն էր օգտագործել պետական հատվածի բաց տվյալները և փորձել մշակել Հայաստանում առկա խնդիրների նորարար լուծումներ: Հաքաթոնը կազմակերպվել էր «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Մինչ բուն հաքաթոնի ընթացքի մեկնարկը, մի շարք աշխատանքային քննարկումներ կայացան բաց տվյալների շտեմարանների հետ աշխատանքի վերաբերյալ, քննարկեցինք, թե ինչպիսի վերլուծական  գործիքներ գոյություն ունեն, և որոնք են հնարավոր բարդություններն և հնարավորությունները բաց տվյալների հետ աշխատելիս: ՀՀ կառավարության ներկայացուցիչը ներկայացրեց, թե ինչպիսի պարտավորություններ ունի Հայաստանը բաց տվյալների վերաբերյալ Բաց կառավարման գործընկերության նախաձեռնությանն անդամակցելու շրջանակներում:

Հաքաթոնի մասնակիցներին հասանելի էին բաց տվյալների երեք հիմնական շտեմարաններ, որոնց հիման վրա պետք է մշակվեին նորարար լուծումները՝ առողջապահության ոլորտի տվյալներ (ապանձնավորված բուժ. հաստատություններ այցերի տվյալներ), Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրամադրված ռիսկերի քարտեզներ և datalex.am հարթակի վրա հասանելի դատական գործերի շտեմարաններ:.

Ընտրելով ներկայացված բաց տվյալների շտեմարաններից իրենց առավել հետաքրքիրը, մասնակիցները թիմեր կազմեցին՝ մշակելու իրենց լուծման մոդելը (նախատիպը): Հաքաթոնի նպատակն էր երկու տեսակի լուծումներ մշակել՝ առկա բաց տվյալների բազաների հասանելի, մատչելի և օգտատերերի համար առավել հարմարավետ օգտագործման ձևաչափի մշակում, և բաց տվյալների շտեմարանների հիման վրա ստեղծված նորարար վերլուծական գործիքներ:

 

Յուրաքանչյուր թիմ ուներ հինգ րոպե գնահատող հանձնաժողովին ներկայացնելու քսան ժամից ավել տևող ծրագրավորման ու համատեղ աշխատանքի արդյունքը: Հանձնաժողովի անդամների քննարկումների և գնահատման արդյունքում  հետևյալ երեք գաղափարները հնարավորություն ստացան անցնել Կոլբա լաբի ինկուբացիոն շրջանը.

hosanq.info նախագիծն օգտագործում է ՀԵՑ-ի բաց տվյալների շտեմարանը և հնարավորություն է ընձեռում հետևել էլեկտաէներգիայի ծախսի անհատական պատմությանը: Հարթակը հնարավորություն է տալիս համեմատելու,թե ինչ էր հնարավոր անել նույնքան էլեկտրաէներգիա և գումար ծախսելու փոխարեն:

Խոշոր հարկատուների տվյալների վիզուալիզացիայի հարթակ, որն օգտագործում է harkatu.am կայքում տեղ գտած տվյալները:

GeoVizData թիմն, օգտագործելով բաց տվյալների երկու շտեմարանների՝ առողջապահության և արտակարգ իրավիճակների քարտեզների տվյալները, վիզուալիզացիայի իրականացման համար օգտագործում է գեո-տարածական տեխնոլոգիաները (Geospatial Technologies):

Հաքաթոնի ընթացքից նկարները հասանելի են Կոլբա լաբի ֆեյսբուքյան էջում: