Օգոստոս ամսին հայտարարված տեղական ինքնակառավարման մարմինների ծառայությունների մասին նորարար գաղափարների մրցույթի արդյունքում Կոլբա լաբը ստացել էր 60 նորարար առաջարկ: Ժյուրիի գնահատման արդյունքում 9 գաղափար անցել էր եզրափակիչ փուլ, որոնցից 7-ի հեղինակները ցանկություն էին հայտնել շարունակել գաղափարների մշակումը եւ հետագա իրականացումը:
Գաղափարների մշակման առաջին փուլի ընթացքում գաղափարի հեղինակները իրականացրեցին էթնոգրաֆիկ հետազոտություն: Այն ենթադրում էր ծրագրի ապագա օգտատերերի ու գործընկերների շրջանակում որոշակի սխեմայով հարցում անցկացնելը՝ պարզելու, արդյոք ծրագիրը օգտակար կլինի նրանց, ինչ կուզենային տեսնել որպես ծրագրի արդյունք եւ արդյոք ընդհանրապես նրանք կարիք ունեն այսպիսի ծրագրի:
Հետազոտության արդյունքները հավաքագրելով՝ բոլոր 7 թիմերը նոյեմբերի 12-ին մասնակցեցին աշխատանքային հանդիպմանը, որը ներառում էր տարբեր նորարար գործիքների կիրառումը գաղափարաների հղկման եւ կատարելագործելու համար: Մասնակիցները կիրառել են այնպիսի մտավարժություններ, ինչպես օրինակ «Օգնական մուսան» եւ բրիտանական NESTA կազմակերպության կողմից մշակված խնդրի հստակեցման գործիքը:
Աշխատանքային օրվա ավարտին թիմերը ներկայացրեցին իրենց գաղափարները ժյուրիին, որն ընտրեց 5 լավագույններին: Ահա այն 5 գաղափարները, որոնք հաղթող ճանաչվեցին եւ հետագա աջակցություն կստանան Կոլբա լաբի կողմից.
1. Արսեն Վարդանյան – Արևային մարտկոցներով աշխատող գիշերային լուսավորության հենասյուներ Գյումրիում
2 «Նախաձեռնող երիտասարդություն, զարգացող համայնք» նախաձեռնող խումբ – «Մաքուր համայնք եռանկյունի»
3. Շուշան Դոյդոյան – Ծառայողական մեքենաների հանրային մոնիտորինգի հարթակ
4. Համայնքային Զարգացման Նորարական Կենտրոն ՀԿ – ՏԻՄ ծառայությունների էլեկտրոնային կառավարման համակարգ
5. Արթուր Դոլմաջյան – Հանրային տրասնպորտի հասանելիություն
Աշխատանքային հանդիպման լուսանկարները հասանելի են Կոլբա լաբի ֆեյսբուքյան էջում: