Արձագանքելով Կոլբա լաբի լսարանին, որ ներառում է տարբեր ոլորտներում աշխատող ակտիվ քաղաքացիներ, կառավարման մասնագետներ, դիզայներներ և ստարտափ ծրագրերով հետաքրքրվող մարդկանց, այս տարվա նորարար գաղափարների մրցույթը նվիրված էր կրթության թեմային: Քննարկումների արդյունքում համոզվում էինք, որ հենց կրթության թեման է, որ համախմբում է տարբեր ոլորտներում աշխատող մարդկանց, և ոչ ոք անտարբեր չի մնում կրթության խնդիրների նկատմամբ:

 

Ավելի քան 150 հայտ էր ներկայացվել Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ հայտարարված կրթության վերաբերյալ նորարար գաղափարների մրցույթինԱռաջին անգամ էր, երբ զուգահեռաբար լուծումներ էինք փնտրում ինչպես պետական, այնպես էլ հասարարական սեկտորից: Անհատ քաղաքացիների համար հայտարարված մրցույթը ուներ երեք հիմնական առաջնայնություն՝ տվյալներ, կրթական ընթացք և միջավայր: Կրթության ոլորտում աշխատող պետական աշխատակիցները փորձում էին երկու հիմնական հարցերի լուծումներ գտնել՝ ինչպես օպտիմիզացնել ներքին բիզնես ընթացակարգերը և քաղաքացիների հետ առավել արդյունավետ և մատչելի մեխանիզմներ մշակել:

Քաղաքացիների կողմից ներկայացված հայտերը անդրադառնում էին կրթության ոլորտում առկա խնդիրների՝ առաջարկելով լուծումների երկու հիմնական մոդելներ (բիզնես նախագծեր և սոցիալական ծրագրեր):

BizNest ընկերության և Այ Էյ Բի Միջազգային Ակադեմիայի հետ համատեղ նախաձեռնած «Հայաստան Ստարտափ գավաթի առաջնությանը» ընթացավ երկու ուղղությամբ՝ համապատխասնաբար օգտագործելով բիզնես ծրագրերի մշակման և սոցիալական ծրագրերի դիզայնի գործիքակազմ: Բիզնես մոդելների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Ոչ կոմերցիոն ուղղությանը մասնակցում էին թիմեր ինչպես ՀՀ կրթության նախարարության կազմից, այնպես էլ անհատ քաղաքացիներից: Հրավիրված խորհրդատուներ կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մարքետինգի, բիզնեսի կառավարման, սոցիալական ծրագրերի մշակման, դիզայնի և այլ ոլորտներից ուղղորդում էին մասնակիցներին իրենց աշխատանքում և պատմում համապատասխան ոլորտից սեփական փորձը: Աշխատանքի արդյունքների գնահատման հիման վրա 35-ից 15 գաղափար հնարավորություն ստացավ ներկայացնելու իրենց գաղափարները մասնագիտական ժյուրիին:

Հրավիրված ժյուրիի կազմում էին ՝

  • ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կրթական բարեփոխումների թիմի ղեկավար Վիգեն Շիրվանյանը և Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի հիմնադիր տնօրենն Արմեն Զաքարյանը, ովքեր գնահատում էին սոցիալական ուղղվածության ծրագրերը:
  • «Գրանատուս Վենչուրս»-ի գործընկեր Երվանդ Սարգսյանը, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը և «ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիայի հիմնադիր տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը, ովքեր գնահատում էին բիզնես ծրագրերը:

Ժյուրիի գնահատման արդյունքում հետևյալ 7 գաղափարներն անցան մրցույթի եզրափակիչ փուլ՝ ստանալով ծրագրերի հետագա իրականացման աջակցության հնարավորություն:

  1. Դպրոցների ընդունելության միասնական էլեկտրոնային առցանց համակարգ, որը կհեշտացնի ինչպես փաստաթղերի փաթեթների հավաքագրման, այնպես դպրոցի ընդունելության բուն ընթացքը:
  2. «Ակտիվ քաղաքացի» համայնքային հիմնախնդիրների հետազոտման նախագիծ, որն ուղղված է համայնքային խնդիրների լուծմանը՝ աշակերտների և ուսուցանողների ներգրավմամբ:
  3. Համակարգի մշակում, որով պարզեցվի կրթական ռեսուրսների մշակման և կիրառելու գործընթացը՝ ներգրավելով ուսուցիչների բոլոր հնարավոր փուլերում: Առաջարկը հնարավորություն է տալու յուրաքանչյուր ուսուցչի՝ աշխատելու իր նախընտրած դասագրքով:
  4. «contact’studnets»` հարթակ, որը կհամախմբի գործատուներին և ուսանողներին: Ուսանողը կտեսնի իր պոտենցիալ գործատուներին, կապ կհաստատի նրանց հետ և ուսման պրոցեսին զուգահեռ տեսանելի կլինի աշխատաշուկայի համար, կընդլայնելով իր սոցիալական կապերը: Գործատուն հնարավորություն կունենա գտնել երիտասարդ կադրերի:
  5.  «ԻՄ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՄ ԱՊԱԳԱՆ ԵՆ»: Առացանց գործիք, որը կծառայի որպես մասնագիտական կողմնորոշման և կարիերայի խորհրդատվության ծառայությունների մատուցման հարթակ:
  6. «ԱՐՏՀԱԲ» ինտերակտիվ խաղեր: Արվեստի կրթությունը խթանող հայալեզու ինտերակտիվ ուսուցողական խաղերի շարք (6+), որոնք կօգնեն ծնողներին երեխայի առօրյան կազմակերպել, ինչպես նաև կարող են ծառայել դպրոցներին, որպես կրթաօժանդակ նյութ:
  7. «Chess School» – Շախմատի դպրոցի առցանց պլատֆորմում յուրաքանչյուրը կկարողանա ընտրել մարզիչի, ով նախօրոք պատրաստում և պահպանում է դասը։ Աշակերտները կսովորեն առցանց, ինչի շնորհիվ մեկ մարզիչը կկարողանա աշխատել բազում աշակերտների հետ:

Կրթական ստարտափերի մասին թարմացումներ կարող եք գտնել մեր կայքի «Նորություններ» բաժնում:

Իսկ եթե ունեք նորարար գաղափար, որի մասին ուզում եք պատմել մեզ, ապա մենք կսպասենք Ձեր գաղափարները ցանկացած սոցիալակն խնդրի շուրջ «Գաղափարների բաց մրցույթի» շրջանակում: